1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային 5րդ փառատոնը

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը:

Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երեւանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթեւի վանքային համալիրի տարածքում եւ Գորիսում (Սյունիքի մարզ)։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ: 

Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրների հոգեւորականների, արվեստագետների, կինոգործիչների եւ այլ մտավորականների: Այս տարի հազարից ավելի հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրների 28 ֆիլմեր, ինչպես նաեւ միջազգային ճանաչում ունեցող հյուրեր.

Յուրի Մեչիտով,  լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի եւ Թբիլիսի ֆենոմենը»
Փարաջանովի լուսանկարիչ եւ մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։
 
Ղեւոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV-ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը եւ կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։

Դմիտրի Լիցով, հոգեթերապեւտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով»
Ինչպե՞ս ապրել ամբողջական եւ ոչ թե թվացյալ կյանքով, այս եւ այլ կարեւոր հարցերի պատասխանները կմտորենք լատվիացի հյուրի հետ։

Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն»
Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել եւ ճանաչել մարդուն։

Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» 
Մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Օնդրեյ Կոմենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարեւորությունը։

Փառատոնի շրջանակում կկայանա «Հավատ. հարց, թե պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման (լուսանկարիչ, Թել-Ավիվ), Ղեւոնդ Վարդապետ (հոգեւորական, Երուսաղեմ) եւ Դմիտրի Լիցով (հոգեթերապեւտ, Ռիգա)։ Հանդիպումն ուղղված է բոլոր հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին եւ բոլոր ցանկացողներին։

Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը եւ իր հեղինակային ֆիլմը։

Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա: Կներկայացնի իր հեղինակային ֆիլմը եւ կքննարկի վավերագրական ֆիլմերում սոցիալական գործոնը։ 

Փառատոնի շրջանակում կլինեն նաեւ հայ-իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ»  եւ «Հետադարձ հայացք» խորագրերով։

Փառատոնի կազմակերպիչներն են «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն, «Ֆորմիկա» արտ ընկերությունը։

«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձեւաչափ: Փառատոն, որի նպատակը հոգեւոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների եւ մշակութային նմուշների ցուցադրությունն է եւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Փառատոնի մի մասը անց է կացվում Երեւանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների: 

Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարեւոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպվող քննարկումներ:

Ֆիլմերի մրցանակները շնորհվում են հետեւյալ  անվանակարգերում`
Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն»

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554